Արցախի պաշտպանության բանակի (ՊԲ) կողմից գործի են դրվել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հարձակումը ետ շպրտելու համար․ հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Անդրադառնալով հակառակորդի կողմից Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ կեսօրին մոտ սկսած լայնամասշտաբ գրոհին՝ տարածած հայտարարությունում ընդգծել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Խոսնակն արձանագրում է՝ այս գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի արտաքին գործերի նախարարի Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արգործնախարարների հայտարարությունից ժամեր անց։
Հիշեցնենք՝ երեկ հոկտեմբերի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը, Մայք Պոմփեոն և Ժան Իվ Լը Դրիանը տարածած հայտարարությամբ ամենավճռական կերպով կոչ էին արել կողմերին դադարեցնել տասն օր առաջ սկսված աննախադեպ և վտանգավոր արյունահեղությունը և անհապաղ վերադառնալ խաղաղ բանակցությունների։
Հիշեցնենք նաև, որ այսօր Բաքու է մեկնել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկելու Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։
Լուսանկարը՝ Էրիկ Գրիգորյանի