Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆոյսբուքյան իր էջում գրել է․
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը, որով նրանք վերահաստատեցին բանակցային գործընթացի վերսկսման դեպքում առկա հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի անկյունաքարային նշանակությունը, սառը ցնցուղ պետք է լինի Ադրբեջանի ղեկավարության համար:
Համանախագահները արձանագրում են այն փաստը, որ արդեն 10 օր տևող պատերազմում Ադրբեջանին և Թուրքիային չի հաջողվել այսպիսի փոփոխությունների ենթարկել ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում, որ կտրուկ փոխվեին բանակցային տրամաբանությունն ու խաղադրույքները։
Սա Հայոց բանակի նվաճումն է, որը պետք է պահել նաև դիվանագիտական ճակատում։
#StopAzerbaijaniAggression #ArtsakhStrong #DontBeBlind»:
Նշենք՝ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ արցախյան սահմանագծում վերջին 9 օրերի ընթացքում ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ ինտենսիվ մարտերից հետո, այսօր՝ տասն օր անց, ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտնեց, որ գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։
ՀՀ ՊՆ-ն այդ իրողությունը համարում է ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերի արդյունք․ հոկտեմբերի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը, Մայք Պոմփեոն և Ժան Իվ Լը Դրիանը հրապարակել են համատեղ հայտարարություն, որով դատապարտել են ռազմական գործողությունները, հակամարտող կողմերին կոչ արել անհապաղ և անվերապահորեն հրադադար հաստատել և բանակցել: