Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծած ռազմական գործողությունների օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչև երեկ՝ հոկտեմբերի 5-ը՝ 21:00-ն ներառյալ, շուրջ 3454 կենդանի ուժ է կորցրել։ Նույն ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 126 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 16 ուղղաթիռ, 379 զրահատեխնիկա (տանկ, ՀՄՄ), 17 ինքնաթիռ, 4 «Սմերչ» կայան:
Նշենք՝ նախօրեին միայն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը (ՊԲ) ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում մարտավարական հնարքի միջոցով հակառակորդին շուրջ 200 կենդանի ուժի կորուստ է պատճառել։ Մասնավորապես, ՊԲ-ի խիզախ մարտիկները ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել են նահանջի տպավորություն, հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը՝ հայտնվել է ծուղակում։ Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի։