ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։
Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ընդգծելով, որ հետագա սրացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Առաջնագծում օպերատիվ իրավիճակի մասին գրառում է կատարել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա նշելով, որ ընդհանուր առմամբ, պահպանվել է հարաբերական կայուն վիճակը՝ ընդգծում է՝ Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն և արհեստավարժ կերպով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:
«Պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում նաև պետական կառավարման բոլոր օղակները: Թե՛ թիկունքում, թե՛ առաջնագծում բոլորը քաջ գիտակցում են իրենց անելիքները:
Ամեն ինչ գտնվում է իմ անմիջական ու լիարժեք վերահսկողության ու համակարգման ներքո:
Հաղթանակը մերն է լինելու, վստա՛հ եղեք»,-մասնավորապես գրել է Արցախի նախագահը: