«Այսօր վստահաբար կարող ենք փաստել, որ մայրաքաղաքի կենտրոնական բոլոր փողոցները մաքրված են և երթևեկելի: Բայցև արձանագրում ենք, որ մասնավորապես երկրորդական շատ փողոցներում, մայթերին, գրեթե բոլոր բակերում և միջբակային տարածքներում դեռ ունենք անելիքներ: Տևական ցուրտ եղանակն էլ իր հերթին է նպաստել, որ ոչ պատշաճ իրականացված աշխատանքների արդյունքում մասնավորապես բակային տարածքներում գոյանան սառույցի շերտեր, որոնք մեծ անհարմարություններ են պատճառում մեր համաքաղաքացիներին: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը մայրաքաղաքում սանմաքրման աշխատանքներն իրականացնող ընկերության թերի աշխատանքի արդյունք է»,-այդ մասին այսօր՝ այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով տոնական և հետտոնական օրերին ձյանմաքրման աշխատանքերին: «Պարզ է, որ եղանակային այս պայմաններում դեռևս հնարավոր չէ սառույցից ամբողջությամբ մաքրել նշված տարածքները, այդուամենայնիվ աղի և ավազի խառնուրդով դրանց պարբերաբար մշակման աշխատանքները պետք է իրականացվեն պարտադիր»,-շեշտել է քաղաքապետը՝ հանձնարարելով ուժեղացված աշխատակարգով շարունակել գործընթացը, խստորեն վերահսկել բակերի և միջբակային տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները:
Հիշեցնենք, որ Երևանում սանմաքրման աշխատանքներն իրականացնում է «Սանիթեք» ընկերությունը: