«Ադրբեջանի ռազմաքաղաքական ամենաբարձր ղեկավարության, նախագահի և նրա ընտանիքի մակարդակով ապատեղեկատվություն է տարածվում․ երեկ նրանք միմյանց շնորհավորում էին Մատաղիսը գրավելու կապակցությամբ, բայց արդեն հակառակն է փաստում տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են հայկական զինված ուժերի հրետանային կրակի տակ ադրբեջանցի զինծառայողները փախուստի դիմում»,-այդ մասին «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ում հրավիրված ասուլիսում ասել է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա հիշեցրել է, որ հարց է ուղղել Ալիևին՝ եթե վստահ է, որ Մատաղիսը գրավել են, ապա ինչո՞ւ չի այցելում:
«Մենք ունենք կասկածներ, որ սեփական երկրում Ալիևը գտնվում է ինֆորմացիոն բլոկադայում: Երկրի գերագույն հրամանատարը չի տիրապետում իրավիճակին, կամ զեկուցում են կեղծ ինֆորմացիա, որը նա փորձում է օգտագործել և էժանագին լուրեր տարածում, որոնք շատ հեշտ տեսանյութերով հերքվում են»,- նշել է ՊՆ ներկայացուցիչը։