«ԱՄՆ պետք է բացատրի՝ արդյոք այդ F-16-ները տրվել են խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար». ՀՀ վարչապետը՝ The New York Times-ին - RadioVan.fm

Онлайн

«ԱՄՆ պետք է բացատրի՝ արդյոք այդ F-16-ները տրվել են խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար». ՀՀ վարչապետը՝ The New York Times-ին

2020-10-05 13:40 , Политика, 1062

«ԱՄՆ պետք է բացատրի՝ արդյոք այդ F-16-ները տրվել են խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար». ՀՀ վարչապետը՝ The New York Times-ին

Հակամարտությունը շատ ավելի վտանգավոր հարթություն է տեղափոխվել Ադրբեջանի օգտին Թուրքիայի անմիջական ռազմական միջամտության պատճառով: Այդ մասին The New York Times-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ «Միացյալ Նահանգները պետք է բացատրի, թե, արդյոք, այդ F-16-ները տրվել են խաղաղ գյուղերն ու խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար»:

Հարցազրուցավարը՝ հոդվածի հեղինակը, գրում է, որ «Նախագահ Թրամփի ազգային անվտանգության խորհրդականի հետ հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի նուրբ հարց է բարձրացրել. ինչո՞ւ ոչինչ չի ձեռնարկվում, որպեսզի Միացյալ Նահանգների երկարամյա դաշնակից Թուրքիային թույլ չտրվի ամերիկյան արտադրության F-16 ինքնաթիռների օգտագործումը հայերի դեմ: Պարոն Փաշինյանի կոչն Ազգային անվտանգության խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենին արվեց Լեռնային Ղարաբաղում ծանր մարտերի բռնկումից շատ չանցած»:

Ըստ The New York Times-ի՝ ՀՀ վարչապետն ասել է, որ պարոն Օ’Բրայենը, «լսել և ընդունել է» իր մտահոգությունները:

Հոդվածագիրը, հղում անելով ՀՀ վարչապետի խոսքերին, գրում է, որ Հայաստանի համար ներկայիս մարտերը, որոնք սկսվել են սեպտեմբերի 27-ին՝ ամիսներ տևած լարվածությունից հետո, «գոյաբանական սպառնալիք» են ներկայացնում Թուրքիայի միջամտության պատճառով:

Փաշինյանը լրագրողին հիշեցրել է, որ Թուրքիայի նախորդը՝ Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին սպանեց մոտ 1,5 միլիոն հայերի․ «ԱՄՆ Կոնգրեսը և շատ երկրներ հայտարարեցին, որ այդ սպանդը «ցեղասպանություն» էր, ինչը սակայն Թուրքիան չի ընդունում»:

«Հակամարտությունը տագնապներ է առաջացնում՝ կապված ավելի լայնածավալ պատերազմի վտանգի հետ: ԱՄՆ-ը հայտնվել է անհարմար վիճակում, քանի որ քաղաքականապես ազդեցիկ հայկական սփյուռքը տեսնում է, թե ինչպես է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան F-16 ինքնաթիռներ օգտագործում հօգուտ Հայաստանի թշնամիների»,-նշված է Էնդրյու Հայգինսի հոդվածում։

Հիշեցնենք՝ 2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), կրկին հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Մարտագծի ամբողջ երկայնքով ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ ինտենսիվ մարտերը շարունակվում են: Պաշտպանության բանակի (ՊԲ) հյուսիս-արևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում սեպտեմբերի 29-ին հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, որի հետևանքով ՀՀ օդային տարածքում կործանվել է ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն՝ մայոր Վալերի Դանելինը, զոհվել է։

Այսօր էլ մարտական գործողությունները շարունակվում են արցախյան հարավային ճակատին զուգահեռ հակառակորդն հրթիռակոծում է նաև հայկական երկրորդ հանրապետության խաղաղ բնակավայերը՝ Ստեփանակերտը և Շուշին։

Лента

Рекомендуем посмотреть