Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի մասնակցությամբ հանդիսավոորությամբ ռազմաճակատ է ճանապարհվել Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) կամավորական համահավաք վաշտը։
«Մենք գործ ունենք պանթուրքական նոր ծրագրի հետ, գործ ունենք պատերազմական գործողություններում ահաբեկիչ վարձկանների ներգրավման հետ, որոնք դեմ են առել քաջարի հայ զինվորի հաղթական դիմադրությանը: Վստահ եմ նաև, որ բոլորդ գիտակցում եք՝ մեր հայրենիքի ապագան միայն մեր ձեռքերում է, և միայն մենք ենք կարողանալու մեր հայրենիքը պաշտպանել թշնամուց»,- նշել է արդարադատության նախարարը և ընդգծել, որ իր համար մեծ հպարտություն է ղեկավարել մի կառույց, որը բաղկացած է այնպիսի ծառայողներից, որոնք հայ ժողովրդի զինվորներն են, որոնք պատրաստ են իրավակարգի ամրապնդման իրենց գործը ժամանակավոր թողնել և նվիրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։
Ռուստամ Բադասյանը բոլորին մաղթել է անփորձանք ու հաղթական վերադարձ՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության և հանուն հայ ազգի:
Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը բարձր է գնահատել համակարգի նվիրյալների՝ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին զինվորագրվելու ցանկությունը և համոզմունք հայտնել, որ բոլորը վերադառնալու են հաղթանակած, և բոլորի անունները ոսկե տառերով են գրվելու ծառայության պատմության մեջ:
Քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Առնակ քահանա Հարությունյանի՝ Տերունական և պաշտպանիչ աղոթքներից հետո քրեակատարողական ծառայողներից կազմված վաշտը ճանապարհվել է ռազմաճակատ: