«Ավրորա»-ի հիմնադիրները 2 մլն դոլար կտրամադրեն Հայաստանին և Արցախին - RadioVan.fm

Онлайн

«Ավրորա»-ի հիմնադիրները 2 մլն դոլար կտրամադրեն Հայաստանին և Արցախին

2020-10-05 13:11 , Общество, 1016

«Ավրորա»-ի հիմնադիրները 2 մլն դոլար կտրամադրեն Հայաստանին և Արցախին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանն այսօր հայտարարել են 2 միլիոն ԱՄՆ դոլար օժանդակություն տրամադրելու իրենց հանձնառության մասին՝ Հայաստանի և Արցախի անմիջական կարիքները հոգալու և հայկական երկու հանրապետությունների՝ պատերազմից տուժած երիտասարդ սերնդի կրթական և այլ օժանդակության ֆինանսավորումն ապահովելու համար:

«Մենք խորապես անհանգստացած ենք և վշտացած Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ հարձակումով եւ տարածաշրջանում զինված հակամարտության բռնկումով: Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ իրականացված այս ուժգին հարձակումները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության էսկալացիան՝ խոշոր տրամաչափի զենքերով խաղաղ բնակչության թիրախավորումը և հարձակումը քաղաքացիական ենթակառուցվածքների վրա», – հայտարարեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները: «2015 թվականին՝ օսմանյան թուրքերի իրագործած Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակի օրը, մենք դրեցինք սկիզբը մեր միջազգային մրցանակի ու

մարդասիրական նախաձեռնության՝ հարգելու հայերին փրկողների հիշատակը: Երբեք չէինք պատկերացնի, որ ներկա ժամանակներում եւս ագրեսիաների հաղթահարման համար հայերն աջակցության կարիք կունենան, ինչպես այսօր։ Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ծայրահեղ կարիքի այս պահին օգնության ձեռք են մեկնում մեզ»:

Աֆեյան, Գրեգորյան և Վարդանյան ընտանիքները 1 միլիոն դոլար են նվիրաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ իրենց ուժերը միավորելով Հայաստանի ու Արցախի քաղաքացիների, հայկական համաշխարհային համայնքի անդամների և հայերի բարեկամների հետ: Ի լրումն դրա, «Ավրորա»

մարդասիրական նախաձեռնությունը և UWC Դիլիջան դպրոցը, որոնք երկուսն էլ Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններ են, հայտարարում են 1 մլն դոլարի հատուկ ծրագրի և միջազգային դրամահավաքի ձեռնարկումների մեկնարկի մասին՝ ապահովելու համար հետագա ֆինանսավորում, որը կուղղվի պատերազմից տուժած հայ երեխաների կրթությանն ու բարեկեցությանը:

«Ավրորայի» և UWC Դիլիջանի բարեկամներն ու աջակիցները կարող են միանալ նորաստեղծ հատուկ նախագծին՝ նվիրատվություններ կատարելով UWC Դիլիջանի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և #AraratChallenge շարժման կայքերի միջոցով»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Ավելի վաղ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը, Ռուբեն Վարդանյանը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան՝ համատեղ հայտարարություն էին տարածել՝ ընդգծելով, որ մտահոգված են Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ հարձակումով եև տարածաշրջանում զինված հակամարտության բռնկումով:

«Մենք խորապես անհանգստացած ենք եւ վշտացած Ադրբեջանի այս արկածախնդրությունը, որին աջակցում է Թուրքիան, մարդու միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության էսկալացիան՝ խոշոր տրամաչափի զենքերով խաղաղ բնակչության թիրախավորումը եւ հարձակումը քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Մենք հաստատապես համոզված ենք, որ հակամարտության կայուն կարգավորման հնարավոր է հասնել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմքում ընկած մեր համընդհանուր մարդկայնության ոգին սկիզբ է առնում 1915 թ. Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձություններից: Մենք մեր պատմությունից եւ սեփական փորձից գիտենք, որ նույնիսկ ամենադժվարին պահերին լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում եւ հույս են պարգեւում այլոց: Այսօր, երբ ուժի գործադրումն ուղեկցվում է մարդկային կորուստներով, մենք կոչ ենք անում համաշխարհային հանրությանը՝ հանդես գալու հակամարտության էսկալացիայի անհապաղ թուլացման պահանջով եւ օգնելու խաղաղություն հաստատել Արցախի բնակչության համար:

Աշխարհը չպետք է անտարբեր դիտորդ լինի: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ օգնելու անհապաղ վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում»,-ասված է տարածած հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть