«Հարգելիներս, հակառակորդը որսում է եթեր հեռարձակվող յուրաքանչյուր ու բոլոր ինֆորմացիաները, սովորական, հեռախոսային կապով կատարված բոլոր զանգերը, տեղորոշում է դրանք ու վերլուծում, դրանցից դուրս բերսծ տվյալներով ստանում է իրավիճակի ամբողջական պատկերը։ Քաղաքացիների միջև փոխանակվսծ ինֆորմացիան Հակառակորդի հետախուզության կարևորագույն աղբյուրներից է։
Հարկավոր է գիտակցել, որ սովորական բջջային՝ բաց կապով խոսակցությունները կարող են որսվել ոչ միայն ռազմաճակատի, շփշան գծի հարակից տարածքներում, այլև խորը թիկունքում (դեսպանատներ և այն)։
Ուստի, հաղթանակի, մարտնչող մեր զավակների, եղբայրների ու քույրերի, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կյանքը չվտանգելու և առաջադրանքները կատարելը չդժվարացնելու համար պետք է լինենք կարգապահ է պահպանենք ՊԲ և ՊՆ հրահանգը. Բաց կապով՝ բջջաջին ցանցով չխոսել..., որ շուտ հաղթենք...»,-այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ քաղաքացիներին հայտնում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հորդորում է զերծ մնալ մարտական գործողությունների վերաբերյալ հեռախոսային քննարկումներից։ Նախօրեին էլ տարածած հաղորդագրությունում ասված էր․
«Բաց կապով արվող նման քննարկումներն իրական վտանգ են ներկայացնում իրենց մարտական խնդիրը գերազանց կատարող արցախյան պաշտպանության բանակի գործողությունների արդյունավետության համար։ Հեռախոսային խոսակցությունների ընթացքում նույնիսկ անզգուշաբար, չկարևորելով դրանց նշանակությունը, հնարավոր է հաղորդել տվյալներ, որոնք կարող են օգտակար լինել հակառակորդին՝ մեր ուժերի դեմ իրենց քայլերը ծրագրելիս։
Կոչ ենք անում խորապես գիտակցել խնդրի կարևորությունը և, կամա թե ակամա, չվնասել հաղթական պատերազմի ընթացքին»։