Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան ուղեկցվում է ողջամտության սահմաններն անցնող ապատեղեկատվության և կեղծիքների արշավով:
Այդ մասին տարածած հայտարարությունում շեշտում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)՝ հավելելով, որ անկարող լինելով ռազմաճակատում հասնելու որևէ հաջողության՝ ադրբեջանական կողմը մի կողմից խոսում է երևակայական հաջողությունների մասին, իսկ մյուս կողմից կեղծ լուրեր տարածում առ այն, իբրև թե Հայաստանն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ հարվածներ է հասցնում:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն այս շարքից է համարում Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի խորքում գտնվող բնակավայրերին հարված հասցնելու մասին վերջին ժամերին հակառակորդի տարածած ապատեղեկատվությունը:
«Նման ստահոդ լուրերի տարածմամբ Ադրբեջանը նաև հող է նախապատրաստում իր հանցավոր քաղաքականության շարունակման և պատերազմի աշխարհագրության ընդլայնման համար:
Ադրբեջանական կողմի յուրաքանչյուր սադրանք կստանա համարժեք պատասխան Հայաստանի Հանրապետության կողմից»,-շեշտում են ԱԳՆ-ից:
Նշենք՝ Ադրբեջանի կողմից սադրանքի համար հող նախապատրաստելու մասին է հայտարարել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ադրադառնալով հակառակորդի տարածած կեղծ լուրերին, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ՝ պաշտոնապես հերքում է Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, դրանք որակելով հերթական կեղծիք։
Կրկին շեշտվում է՝ «Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։ Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է»։
Հավելենք՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նախօրեին անդրադառնալով Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմում այդ երկրի իշխանությունների կողմից վարձկան-ահաբեկիչների ներգրավման փաստին, որը հիմնավորվել է միջազգային տարբեր կենտրոնների կողմից, հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը լեգիտիմ իրավունք է վերապահում մեզ հետագա գործողությունները տեղափոխելու Ադրբեջանի ողջ տարածք՝ ահաբեկչական խմբավորումներից այն մաքրելու համար: