Բրազիլիա, Չիլի, Սերբիա, Հունաստան, Ռուսաստան. այս և աշխարհի այլ տարբեր երկրներից քաղաքացիները միացել են արցախա-ադրբեջանական շփման գծում այս օրերին Ադրբեջանի և ահաբեկիչների դեմ կռվող հայ զինվորներին «Snikers» շոկոլադե կոնֆետներ ուղարկելու ակցիային:
Այդ մասին գրում է Հունաստանի առաջատար մշակութային Greek City Times կայքը՝ նշելով, որ Արցախի առաջնագծում հայ զինվորների մարտական ոգին բարձր պահելու նպատակով առաջին հայացքից տարօրինակ թվացող սովորույթ է ձևավորվում. Հայաստանում և ողջ աշխարհում ապրող հայ աղջիկները «Snikers» կոնֆետների վրա հետաքրքիր և զվարճալի հաղորդագրություններ են գրում և ուղարկում առաջնագիծ:
«Առաջնագծում կանգնած հայ զինվորներն իրենց հայրենակիցներից «Snickers»-ներ են խնդրում, որպեսզի իրական գումարի փոխարեն կարողանան դրանով գրազ գալ, թե, արդյո՞ք, նրանց հարվածներն ադրբեջանցի զինվորներին ու սիրիացի ահաբեկիչներին դիպուկ կլինեն»,-նշում է Greek City Times-ը՝ ներկայացնելով օտարազգիների կողմից հայ զինվորների համար նախատեսված «Snickers»-ները՝ հաղորդագրություններով:
«Մենք գիտենք` դու խիզախ ես: Մենք հիանում ենք քո քաջությամբ»,-գրել է Փեննին՝ Աթենքից:
«Այլ ցեղասպանություն չի լինելու: Մենք գիտենք, որ դուք կհոգաք դրա մասին: Սերբիան ձեզ հետ է, եղբայրներ»,-ասված է սերբ Դրագոյի սնիկերսային գրառման մեջ:
«Բրազիլացի հայրենասերները ձեզ հետ են: Դուք մարդկության թշնամիների դեմ պայքարում եք բոլորիս համար: Հաղթանակ Հայաստանին»,-գրված է Բրազիլիայի Nova Resistencia քաղաքական կազմակերպության մի քանի անդամների հայ զինվորին ուղղված սնիկերսային համերաշխության և քաջալերանքի ուղերձում:
Հունաստանից Օլգան էլ գրել է՝ «Պատերազմից հետո հուսով եմ կգաք Սալոնիկ՝ մայրիկիս պոնտական ուտեստը ճաշակելու»: