Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր հոդվածում անդրադարձել է Պաշտպանության բանակի կողմից Գանձակի (ադր․ Գանձա) օդանավակայանին հարվածելու տնտեսական հնարավոր հետևանքներին։
Հիշեցնենք՝ այսօր Արցախի նախագահը ֆեյսբուքյան գրառմամբ նշելով, որ ադրբեջանական բանակը, օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր, թիրախավորում է Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ հայտարարել էր, որ Ադրբեջանի զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի (ՊԲ) թիրախները: Րոպեներ անց հաղորդվեց Գյանջայի ռազմական օդանավակայանի «հօդս ցնդելու» մասին։ Արցախի նախագահն այնուհետ մեկ այլ հայտարարությամբ տեղեկացնելով, որ այդ պահի դրությամբ հանձնարարել է դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար՝ զգուշացրեց, որ «թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը»:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն, ահա, գրում է․
«Այսօր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հասցեական հարված է հասցրել Գանձակի (Գյանջա, Կիրովաբադ, Ելիզավետապոլ) ռազմական օդանավակայանին՝ նախօրոք զգուշացնելով քաղաքացիական բնակչությանը, որ ռազմական օբյեկտներ ունեցող քաղաքների բնակիչները արագ պետք է դուրս գան մարտական գործողությունների շրջաններից։ Գանձակը իր տարածքով երկրորդ, բնակչության թվով Արդբեջանի երրորդ խոշոր քաղաքներից է։ Գանձակի մոտ 332000 բնակիչների արագ տեղահանումը մեծ խնդիրներ կարող է առաջացնել Ադրբեջանի իշխանությունների համար՝ հաշվի առնելով, որ մոտակայքում խոշոր բնակավայրեր չկան, որոնք ի վիճակի կլինեն այդքան բնակչության տեղավորել։ Հատկանշական է, որ Գանձակի տնտեսությունը իր կառուցվածքով բավականին մոտ է Հայաստանի տնտեսությանը, քանի որ այն հիմնված է գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, տուրիզմի և հանքարդյունաբերության վրա։ Բավականին հայտնի է Գանձակի Մետաքս գործարանի ապրանքանիշը, որի հիմնադիրները հայերն են եղել։ Այստեղ նաև արդյունահանվում են պղինձ և ալյումին։ Գանձակի շրջանը ապահովում է Ադրբեջանի գյուղմթերքի մոտ 15 տոկոսը, մասնավորապես՝ կարտոֆիլ, խաղող, տավարի միս, ձու և այլն։ Գանձակում է գտնվում Վրաստան-Ադրբեջան երկաթուղու կարևորագույն հանգույցը՝ լոգիստիկ կենտրոնը, որը ապահովում է արևելքից արևմուտք և հակառակը բեռների փոխադրումը։ Նկատի ունենալով վերջին օրերին Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների ահաբեկչական գործողությունները՝ օտարերկրյա կազմակերպությունները պետք է խուսափեն այս տարածքով բեռներ տեղափոխել, քանի որ ոչ ոք չի կարող երաշխավորել ենթակառուցվածքների անվտանգությունը։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսը մեծ վնաս է հասցրել տուրիստական ոլորտին, որը Գանձակի կարևոր եկամտի աղբյուրներից է։ Այս պատերազմի պատճառով ոչ միայն խնդիր է լինելու այդ քաղաքի հետ օդային հաղորդակցության, այլև տուրիստական հոսքերի։ Առանց այն էլ Գանձակի տարածաշրջանում ապրող մարդկանց կենսամակարդակը մի քանի անգամ զիջում է Բաքվի փափուկ բարձրերին թիկնած և հոխորտացող մարդկանց։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերված այս պատերազմի հետևանքները դեռ երկար ժամանակ ճաշակելու են Գանձակի բնակիչները»։