Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հոգաբարձուների խորհրդի նախագահ, սփյուռքահայ գործարար, ազգային բարերար Վաչե Մանուկյանի հետ:
Նախագահի լրատվության վարչությունից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել Արցախում և Հայաստանի սահմաններին վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններին և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին: Այդ համատեքստում կարևորվել է մեր բոլոր հայրենակիցների, այդ թվում՝ Սփյուռքի օժանդակությունը համաժողովրդական պայքարին ինչպես ռազմաճակատում, այնպես էլ թիկունքում:
Հաղորդվում է, որ ազգային բարերար Վաչե Մանուկյանին պատկանող «Ֆարմատեք» դեղագործական ընկերությունը, որը տարածաշրջանում ներարկման լուծույթներ արտադրող ամենամեծ ընկերությունն է, բանակի համար անհրաժեշտ ներարկման լուծույթները, ախտահանիչ հեղուկներն ու տարբեր դեղամիջոցներ կմատակարարի բացառապես անվճար: Գործընթացը, նշվում է, արդեն իսկ սկսված է: