ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմում է ուսուցիչներին․
«Սիրելի ուսուցիչներ, այսօր մեր երկրին ռազմական դրության վտանգներից բացի շարունակում է սպառնալ նաև համավարակը։
Նոր դեպքերի թիվն օրեցօր աճում է։ Սա նշանակում է, որ տարեսկզբից օրուգիշեր պայքարող մեր բժիշկները, առողջապահական համակարգը ստիպված են լինելու զգալի ռեսուրսներ ուղղել համավարակի դեմ պայքարին այն իրավիճակում, երբ դա կարող է ճակատագրական նշանակություն ունենալ պատերազմից վիրավոր զինծառայողներին, քաղաքացիական անձանց բժշկական օգնությունը տեղ հասցնելու, կյանքեր փրկելու համար։
Կրթական համայնքը մեծ ուժ է, մենք մի քանի հարյուր հազար մարդ ենք։ Եկեք համախմբենք կրթական համայնքը պայքարի այս երկրորդ ճակատըդիմագրավելու համար։ Ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր աշակերտներին, նրանց ծնողներին հորդորել պահպանել կանոնները, սրտացավությամբ հետևել, որ դրանք պահպանվեն ձեր շրջապատում, թեթևացնել ընդհանուր հոգսը։
Անենք մեր բաժին գործը, օգնենք պետությանը»։
Պաշտոնական վերջին տվյալներով՝ Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 571 նոր դեպք է հաստատվել՝ հոկտեմբերի 4-ի առավոտյան ժամը 11։00-ի դրությամբ դեպքերի ընդհանուր թիվը հասցնելով 52 496-ի։
Այս պահին փաստացի բուժվողների թիվը 6545 է։