«Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը (ՊԲ) Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված,-ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ միաժամանակ հրապարակելով լուսանկար ու նկատելով,-շատերդ հիշում եք թե՛ այս կադրը, թե՛ այդ առիթով արված իմ հայտարարությունը: Եթե որևէ մեկի մոտ այն ընկալելու խնդիր է եղել, վերահաստատում եմ, որ դա ամենևին կատակ չէր»։
Նշենք՝ այսօր Արցախի նախագահը ֆեյսբուքյան գրառմամբ նշելով, որ ադրբեջանական բանակը, օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր, թիրախավորում է Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ հայտարարել էր, որ Ադրբեջանի զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի (ՊԲ) թիրախները: Րոպեներ անց հաղորդվեց Գյանջայի ռազմական օդանավակայանի «հօդս ցնդելու» մասին։
Արցախի նախագահը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ հանձնարարել է դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:
«Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը:
Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում:
Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ»,-գրել է Արայիկ Հարությունյանը։