Արցախի պաշտպանության նախարարության (ՊՆ)՝ առավոտյան 9։27-ի հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հատկապես լարված է եղել հարավային ուղղությամբ: Գերատեսչությունից ընդգծում են, որ հակառակորդի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս պատրաստվում է անցնել հարձակման:
«ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր զորաշարժերին և պատրաստ է վճռականորեն ճնշել հակառակորդի բոլոր գործողությունները»,-ասված է Արցախի ՊՆ տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ժամը 8-ի սահմաններում Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաև հրետանային միջոցներից։
Առաջնագծում ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն․ առաջնագծի տարբեր հատվածներում շրջայցից հետո փաստում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ շեշտելով՝ մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի և հարատևության բացառիկ դրսևորում է: Արցախի նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնում Պաշտպանության բանակին և նրա հրամանատարական կազմին՝ իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարելու համար: