Առաջնագծում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․
«Բարի լույսը` առաջնագծում զինվորի պատրաստած ամենահամով սուրճով՝ մեր հերոս տղաների հետ»։
Կեսգիշերից հետո էլ նա մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակը նախօրեին բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար:
«Նեղն ընկնելով առաջնագծում՝ Ադրբեջանը սկսել է ավելի ուժգին հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակավայրերին՝ նաև հեռահար հրթիռների կիրառմամբ: Այդ ռազմական հանցագործությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանները, և այս առումով վերջին անգամ ենք զգուշացնում Ադրբեջանի իշխանություններին…
Հաղթելու և պատժելու ենք մեր գոյությանը սպառնացող հանցագործներին»,-գրել է Արցախի նախագահը՝ նշելով, որ առաջնագծում գտնվելիս զուգահեռաբար իրականացնում է Հանրապետության օպերատիվ կառավարումը՝ ներդրված համապատասխան մեխանիզմների միջոցով: