Անցնող օրվա ընթացքում շատ ծանր մարտական գործողություններ են ընթացել, հատկապես՝ հյուսիսում ու հարավում։ Հակառակորդը փորձել է լայնածավալ հարձակում իրականացնել՝ օգտագործելով մեծաքանակ զրահատեխնիկա, հրետանի, փորձել է ճեղքել ռազմաճակատը։ Բայց ծանր ու համառ մարտերից հետո հակառակորդի առաջխաղացումը հնարավոր է եղել կասեցնել՝ պատճառելով նրան մեծ կորուստներ:
Այդ մասին «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի»-ում քիչ առաջ կայացած մամլո ասուլիսում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ բուն անդադար մարտի տևողությունը եղել է 6-7 ժամ:
«Դրանք բավականին ծանր ու դժվար մարտեր են, և, հասկանալի է, որ այս ամեն ինչը հեշտությամբ չի տրվում մեր զորքերին: Այս ընթացքում հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ, միայն անցնող օրվա ընթացքում, մոտավորապես, 440-450 զինծառայող կամ նաև ոչ զինծառայող, հասկանալի է` ում նկատի ունեմ` ահաբեկիչներին։ Մոտ 800-900 վիրավոր է տվել։ Հաջողվել է խոցել միայն այսօր մարտի մեջ մտած մոտավորապես 45 զրահատեխնիկա, նաև՝ մարտի մեջ չմտած շուրջ 8-9 տասնյակ զրահատեխնիկա՝ խոցել հեռահար կրակով։ Սա աննախադեպ հաջողություն պիտի համարենք։Միայն այսօր խոցվել է 10 ԱԹՍ, ընդհանուր առմամբ խոցվել է 113 միավոր ԱԹՍ։ Ընդհանուր զրահատեխնիկայի կորուստը կազմում է 250 միավոր։ Միայն այսօր խոցվել է 3 «Սմերչ» կայան։ Այսօր խոցվել է 3 ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ»,-նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով՝ մեր զորքերը ցուցաբերում են աննախադեպ քաջություն, հմտություն, գրագիտություն, չեն նահանջում ու կասեցնում են հակառակորդի մեծ կրակային խտություն ունեցող գրոհները։
Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ մենք վարում ենք մարտական գործողություններ, լայնածավալ պատերազմ՝ ցամաքում, օդում, վիրտուալ տիրույթում:
Մանրամասները՝ տեսանյութում: