Հայագիտությունը կրեց ցավալի ու ծանր կորուստ․ Երևանի պետական համալսարանից (ԵՊՀ) հայտնում են, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել է ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը:
«Արտակ Մովսիսյանի կյանքի ու գործունեության հիմնաքարը հայրենասիրությունն էր: Նրա թողած գիտական վիթխարի ժառանգությունը նոր էջեր բացեց մեր պատմության մեջ: Բազմավաստակ գիտնականն ու մեծ հայրենասերը մշտապես պայքարում էր մեր պատմության կեղծարարների դեմ… Նա հայ պատմագիտության խրամատի արթուն զինվորն էր: Նրա խոսքը համոզիչ էր, անզիջում, փաստարկված, քաջությունն ու պայծառությունը՝ վարակիչ: Երկրում արտակարգ դրություն հաստատելուց հետո Արտակ Մովսիսյանը պարբերաբար կազմակերպում էր առցանց, բաց կինոդիտումներ՝ նպաստելով ոչ միայն իր< ուսանողների, այլև ամբողջ հայության շրջանակում հայագիտության զարգացմանը: Նրա մշտաժպիտ ու լուսավոր կերպարը միշտ թևածում էր Մայր բուհում՝ հայրենասիրության բացառիկ դասեր տալով բոլոր ուսանողներին:
Արտակ Մովսիսյանը ազգային արժեքների գաղափարակիրն էր, մարմնավորողը, տարածողը: Հայ ժողովուրդը կորցրեց մեծանուն հայի, Մայր բուհը՝ բազմավաստակ ու հայրենապաշտ գիտնականին ու դասախոսին:
Մայր բուհը սգում է սիրված ու անվանի համալսարանականի անժամանակ մահը և խորին ցավակցություններ հայտնում Արտակ Մովսիսյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, գործընկերներն ու ուսանողներին»,-ասված է ԵՊՀ լրaտվության վարչության տարածած հաղորդագրությունում։
Նշենք՝ վաստակաշատ պատմաբանը վերջին շրջանում իր մտահոգությունն էր հայտնել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շրջանառած Հանրակրթության պետական չափորոշիչների նախագծի, մասնավորապես, «Հայոց պատմություն» առարկայի առնչությամբ։
«Գաղտնիք չէ, որ չհայտարարված պատերազմի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության աշակերտները՝ որպես իրենց երկրի հայրենասեր ու պետականաշեն քաղաքացիներ, ձևավորվում են նաև դպրոցում «Հայոց պատմություն» առական ուսումնասիրելու միջոցով։ Կնշանակի, այսուհետ, նրանք պետք է դաստիարակվեն կեղծ խաղաղասիրական, թշնամու կերպարի վերացման` «թուրքին ներելու», ֆեմինիզմի գաղափարներով։ Եվ դա այն ժամանակ, երբ Ադրբեջանը չի հրաժարվել Արցախյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից, Հայաստանի Հանրապետությունը «Արևմտյան Ադրբեջան» համարելու տխրահռչակ գործելակերպից, իսկ Թուրքիան` այդ գործում նրան աջակցելուց ու Հայոց ցեղասպանության փաստը ժխտելուց»,-ընդգծել էին ԳԱԱ Պատմության ինստիտուտից՝ նկատելով, որ առարկայական նոր չափորոշիչների ներդրմամբ «Փորձ է արվում կյանքի կոչել Թուրքիայի նախագահ Էրդողանի բազմիցս հնչեցրած՝ «պատմաբանների հանձնաժողովի» ստեղծման գաղափարը»։
Նշենք՝ Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 543 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 177 մարդ, արձանագրվել է մահվան 6 դեպք:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 51 925 դեպք է արձանագրվել, որից 44 583-ը ապաքինված, 972-ը՝ մահվան ելքով։
Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 302 է:
Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 6 ելքին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․
«Պացիենտները եղել են 66 (կին), 68 (տղամարդ), 61 (կին), 65 (տղամարդ), 72 (կին) և 83 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 6068 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 3483 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 303 707 -ի։
Նշենք ՀՀ առողջապահությունն այս օրերին քաղաքացիներին հորդորում է արցախյան իրադարձությունների ֆոնին անտարբերության չմատնել դեռևս աշխարհում, այդ թվում` Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը, պահպանել հակահամաճարակային կանոնները։