Կարո՞ղ էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման ընթացքում ինչ-որ բան այլ կերպ անել` լարվածության այս սրացումը թույլ չտալու համար․պատասխանելով «Ալ Ջազիրա»-ի այս հարցին Նիկոլ Փաշինյանն ասել է․
«Պատմությանը նայելով` կարող եք հարցնելէ ի՞նչ կարող էր անել ԱՄՆ-ն` կանխելու սեպտեմբերի 11-ը: Եվ եթե այս համեմատությունը ձեզ չափազանցություն է թվում, կասեմ` երկու ամիս առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը սպառնաց հարվածել հայկական ատոմակայանին»:
Անդրադառնալով լրագրողի հարցին, թե քննարկո՞ւմ է, արդյոք, Երևանը Ղարաբաղի հետ դաշինք կնքելու հնարավորությունը, Փաշինյանն ասել է.
«Այդ դաշինքը փաստացի արդեն կա, քանի որ Հայաստանը հանդես է գալիս որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, և մենք հիմա պետք է մտածենք դրա զարգացումների մասին: Կարևոր է արձանագրել, որ վերջին իրադարձությունները նոր ռազմաքաղաքական իրավիճակ են ստեղծել մեր տարածաշրջանում»:
Հայաստանի վարչապետը, միաժամանակ, ասել է, որ Ղարաբաղի ճանաչման հարց կա մեր օրակարգում, և մենք որոշումը կկայացնենք մի շարք գործոններ հաշվի առնելով։
Երբ լրագրողը փաստել է, որ Փաշինյանը մի քանի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և խնդրել մանրամասներ հաղորդել այդ զրույցներից, Փաշինյանը հարկ է համարել ընդգծել` ինքը ոչ միայն Ռուսաստանի, այլև մի շարք այլ երկրների առաջնորդների հետ է զրուցել:
«Բայց Ձեզ համար ամենաշատը Պուտինի արձագանքն է կարևոր, այդպես չէ՞»,-նկատել է «Ալ Ջազիրա»-ի հարցազրուցավարը։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է․
«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, և Ռուսաստանի հետ Հայաստանը խորը համագործակցություն ունի անվտանգության ոլորտում, Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազա կա, որոշակի համաձայնագրեր, և այդ առումով մեր օրակարգն առավել բազմազան է»:
Սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական սահամագոտում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունները նոր թափ են ստացել․ անցնող գիշերը մարտի դաշտում թեժ է եղել։ Ադրբեջանը պատերազմի 7-րդ օրը նոր ուժեր մտցնելով մարտի մեջ, կենտրոնացնելով դրանք Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում, առովոտից անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։ Հարավային ուղղությամբ այսօր արդեն խոցվել է հակառակորդի երեք ինքնաթիռ: