Արցախի տեղեկատվական շտաբը, հղում անելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղպաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանին, իրազեկում է, թե որոնք են պաշտպանական կառույցները։
Ըստ այդմ՝ պաշտպանական կառույցներն են․
• նկուղը
• կիսանկուղային հարկերը
• մետրոպոլիտենը
• ստորգետնյա կառույցները
• ստորգետնյա ավտոկայանատեղիները
կախված տեղանքից նաև՝
• ջրատարը
• խորացված այլ կառույցները
• խորշերը։
Հնարավոր վտանգի դեպքում՝ ըստ գտնվելու վայրերի, ԱԻՆ ուղեցույցի համաձայն՝ բնակչության նախազգուշացման համար կիրառվում են հետևյալ ազդարարման ազդանշանները` «Օդային տագնապ», «Ուշադրություն բոլորին»:
Ազդարարման ազդանշանները տրվում են հետևյալ դեպքերում`
«Օդային տագնապ» ազդանշանը տրվում է օդային հարձակման դեպքում,
«Ուշադրություն բոլորին» ազդանշանը տրվում է արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի և օդային տագնապի ավարտի դեպքում:
(Սրանց մասին ավելի մանրամասն՝ այստեղ)
«Օդային տագնապ» – Էլեկտրաշչակների միջոցով`ընդհատվող (տատանվող) ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ)։
Այս դեպքում․
Արտադրական կազմակերպություններում – Դադարեցնել բոլոր տեսակի աշխատանքները, անջատել արտադրական և տեխնոլոգիական բոլոր սարքավորումները, գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը, իջեցնել սարքվորումներում օդի, գազի, ջրի, թթվածնի և այլ նյութերի բարձր ճնշումը, որից հետո` պատսպարվել թաքստոցում:
Արտադրության և այլ տեխնոլոգիական գործընթացների պայմաններով սահմանված աշխատանքների դադարեցման անհնարինության դեպքում տեխնոլոգիական գծերը, վառարանները, տուրբինները բերել անվտանգ աշխատակարգի և պատսպարվել թաքստոցում։
Տանը գտնվելիս – Մինչ բնակարանը լքելը անջատել գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը, փակել ջրի ծորակները, հագնվել, հագցնել երեխաներին ու ծերերին, վերցնել առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն ու անձը հաստատող փաստաթղթերը, անհրաժեշտ իրերն ու որոշակի քանակությամբ սննդամթերք և ջուր, արագ, առանց խուճապի պատսպարվել նախատեսված թաքստոցում: Հնարավորության դեպքում տեղեկացնել հարևաններին։
Փողոցում և բաց տարածքներում գտնվելիս – Արագ` առանց խուճապի, որոշել մոտակա թաքստոցի տեղը և պատսպարվել այնտեղ: Մոտակայքում թաքստոցների բացակայության դեպքում պատսպարվել ճանապարհամերձ առվակների, հեղեղատարների համար նախատեսված կառույցներում, տարբեր տեսակի փոսորակներում, թմբապատնեշների և ոչ բարձր պատնեշների (պատերի) հետևում:
Քաղաքային տրանսպորտում գտնվելիս – Չլքել տրանսպորտային միջոցը ընթացքի ժամանակ և չխոչնդոտել վարորդի գործողություններին: Տրանսպորտային միջոցը կանգնելուց հետո արագ, բայց առանց խուճապի, դուրս գալ փողոց և պատսպարվել մոտակա թաքստոցում:
Կազմակերպություններում և հասարակական շենք-շինություններում գտնվելիս – Ուշադիր և հանգիստ լսել համապատասխան հրահանգը (հաղորդագրությունը) մոտակա թաքստոցների տեղակայման և դրանց հասնելու կարճ երթուղու մասին, արագ` առանց խուճապի, շարժվել նշված երթուղով և պատսպարվել թաքստոցում: Համապատասխան հրահանգ (հաղորդագրություն) չլինելու դեպքում դուրս գալ փողոց և պատսպարվել մոտակա թաքստոցում:
«Ուշադրություն բոլորին» – Էլեկտրաշչակների միջոցով` անընդհատ (չընդհատվող) ձայնային ազդանշան (2-3 րոպե տևո-ղությամբ), միաժամանակ` հեռուստատեսությամբ, ռադիոհեռարձակմամբ, բարձրախոսներով տրվում է «Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին» ձայնային հաղորդագրություն։
Այս դեպքում․
Միացնել ռադիոն, հեռուստացույցը` հատուկ հաղորդագրություններ լսելու համար,
հետևել պաշտոնական հաղորդագրություններին,
գործել համաձայն հաղորդվող հրահանգների։
«Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին»: Ճառագայթային վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին – Համաձայն ազդանշանի անհրաժեշտ է ձեռքի տակ եղած միջոցներով փակել շնչուղիները, վերցնել առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն ու անձը հաստատող փաստաթղթերը, անհրաժեշտ իրերն ու որոշակի քանակությամբ սննդամթերք, ջուր և արագ պատսպարվել թաքստոցում: Դրանց բացակայության դեպքում ճառագայթաակտիվ աղտոտվածությունից պաշտպանվելու համար՝ որպես թաքստոց, կարող են ծառայել նաև փակ շինություններն: Տանը կամ աշխատավայրում մնացած անձինք, ովքեր չեն հասցրել պատսպարվել թաքստոցում, պետք է ժամանակ չկորցնելով, իրականացնեն տարածքի հերմետիկացման աշխատանքներ՝ ծածկեն դռներն ու պատուհանները և փակեն առկա ճեղքերը՝ օգտագործելով ձեռքի տակ եղած միջոցներ: Բարձրահարկ շենքերում գտնվելիս անհրաժեշտ է շտապ լքել վերին հարկերը և տեղ զբաղեցնել նկուղային տարածքներում կամ դրանց բացակայության դեպքում՝ շենքի առաջին հարկերում:
«Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին», «Օդային տագնապի ավարտ» – Համապատասխան պատասխանատուների թույլտվությամբ, դուրս գալ թաքստոցներից և անցնել առօրյա գործունեության:
Հիշել՝ անհրաժեշտ է ռմբակոծության ժամանակ բացել բերանը և ձեռքերով փակել ականջները:
Թաքստոց – Ամրացված կառույցներ, բնական միջավայր, տեղական առարկաներ (նկուղներ, կիսանկուղներ, խորացված տարածքներ, հանքախորշեր, ստորգետնյա անցումներ, մետրոպոլիտենի ստորգետնյա կայարաններ), որոնք կարող են պաշտպանել մարդկանց, տեխնիկան և ունեցվածքը պատերազմական պայմաններում, ռազմական կոնֆլիկտների ժամանակ կիրառվող խոցման միջոցների ազդեցության գործոններից ու վթարներից, աղետներից և այլ արտակարգ իրավիճակների ազդեցությունից:
Պատսպարում – Զանգվածային ոչնչացման զենքի, ինչպես նաև ոչնչացման հատուկ միջոցների ազդեցությունից մարդկանց կյանքի ու գործունեության ժամանակավոր ապահովում` համապատասխան շինությունների տարածքում։
Նշենք՝ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամն էլ ավելի վաղ շրջանառել էր «Ապաստարաններ» սոցիալական հոլովակը։