Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18։00-ին, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր վանքերում և եկեղեցիներում կկատարվի զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ֆեյսբուքյան գրառմամբ հրավիրում է բոլոր հայորդիներին իրենց առանձնական աղոթքով միանալ համազգային զորակցության արարողությանը։
«Սիրելիներ, ճշմարտությունն ու արդարությունը մեր կողմն են, և մեր հայրենիքի պաշտպանության սուրբ գործը Աստծո օգնականությամբ և ողջ հայության միասնականությամբ վերստին պսակելու ենք հաղթանակով։ Մեզ ոգեշնչում է հայրենասիրական և հաղթական այն ոգին, որով մեր ժողովրդի զավակները շտապում են լրացնել հայրենիքի պաշտպանների շարքերը և միավորել ուժերն ու հնարավորությունները` ի խնդիր անշրջելի հաղթանակի:
Այսօր պահն է, որպեսզի ազգովի անվեհեր պայքարով մեր հայրենիքը պաշտպանենք թշնամուց և վկայենք մեր միասնականության ուժն ու ոգու անպարտելիությունը։ Մեր հերոսական մաքառումները՝ արձանագրված հայոց պատմության փառավոր էջերին, ապացուցել են, որ ազգային համախմբումն ու միասնականությունն են հաղթանակներ կերտում և պարզում լուսավոր հորիզոնները մեր գալիքի»,-նախօերին կատարած մեկ այլ գրառմամբ՝ նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։