Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտարարություն են տարածել, որում նշում են, որ համացանցում շրջանառվող այն լուրերը, թե, իբր, ավտոբուսներով Վրաստանի տարածքով պատրաստվում են զինյալներ տեղափոխել Ադրբեջան և ջավախահայերին կոչ է արվում փակել վրաց-թուրքական բոլոր անցակետերը՝ սուտ են:
«Հայտնում ենք, որ վերոնշյալ տեղեկատվությունն ամբողջովին կեղծ է և միտում ունի լարվածություն ստեղծել ջավախահայության շրջանում և հայ-վրացական հարաբերություններում։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը կրկին հորդորում է զերծ մնալ նմանօրինակ կեղծ լուրեր տարածելուց, որոնք հատկապես այս ժամանակահատվածում խիստ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ»,-ասված է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ։
Այսօր ավելի վաղ մեկ այլ գրառմամբ էլ Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացրել են, որ համացանցում շրջանառվող այն տեսանյութը, որտեղ ասվում է, թե Բորժոմիում տեսանկարահանված ռազմական տեխնիկան գուցեև տարվում է Ադրբեջան, չի համապատասխանում իրականությանը։
Նշվել էր, որ տեսանյութում երևացող ռազմական տեխնիկան Վրաստանի Զինված ուժերինն է, իսկ տեղաշարժն էլ պայմանավորված էր Վրաստանի անվտանգային հարցերով։