Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ադրբեջանական մեդիահարթակներում տեղեկություններ են տարածվում, որ թալիշաբնակ Լենքորան քաղաքի բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու Ալիևի հրամանը:
Շտաբը հատկանշական է համարում, որ հոկտեմբերի 1-ին թալիշ և լեզգի հարյուրավոր զոհերի մասին տվյալներ է հաղորդել Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Նա, նախօրեին հրավիրված մամլո ասուլիսում նշել էր, որ Ադրբեջանն իր բնիկ ժողովուրդներին հերթական անգամ օգտագործում է սեփական ծավալապաշտական հավակնությունների համար: Մասնավորապես հաղորդվել էր, որ միայն մի ուղղությամբ 148 լեզգի զինվոր է զոհվել, մի քանի հարյուր զոհեր կան ազգությամբ թալիշ զինվորների շրջանում։
«Ադրբեջանը պարտվելու է նաև ներսից»,-շեշտում են Արցախի տեղեկատվական շտաբից
Նշենք՝ նախօրեին Արցախի ազգային ժողովի նախագահը կոչով դիմել է Ադրբեջանի բնիկ ժողովրդին՝ հորդորելով խուսափել զորակոչից, իսկ առաջնագծում հայտնվելու դեպքում՝ փորձել հանձնվել։
«Այս պատերազմից Ադրբեջանի ոչ մի բնիկ ժողովովրդի ներկայացուցիչ ոչինչ չի շահելու՝ ձեր և Արցախի հայության միջև չկա կիսելու ոչինչ, մեր շահերը իրար չեն հակասում։ Արցախի հայությունը միշտ էլ հարգանքով է վերաբերվել ձեզ, և վերջին տասնամյակներում Բաքվի իշխանություններն են, որ խոչընդոտում են մեր ու ձեր հազարամյակների պատմություն ունեցող շփմանը և բարեկամությանը»,-նշված է Ադրբեջանի բնակիներին հղած կոչում։