Պատերազմական իրավիճակում «Ղարաբաղ Տելեկոմ»-ի աշխատանքում արձանագրված խնդիրների պատճառով կառավարման լիազորությունները սահմանափակվել են - RadioVan.fm

Онлайн

Պատերազմական իրավիճակում «Ղարաբաղ Տելեկոմ»-ի աշխատանքում արձանագրված խնդիրների պատճառով կառավարման լիազորությունները սահմանափակվել են

2020-10-02 14:54 , Общество, 1264

Պատերազմական իրավիճակում «Ղարաբաղ Տելեկոմ»-ի աշխատանքում արձանագրված խնդիրների պատճառով կառավարման լիազորությունները սահմանափակվել են

Հաշվի առնելով առկա պատերազմական իրավիճակում «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության աշխատանքում արձանագրված խնդիրները և կապի ոլորտի ռազմավարական նշանակությունը պատերազմում գտնվող երկրի ու ժողովրդի համար՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օպերատորի կառավարումը պետական դարձնելու մասին որոշում է կայացրել։

Ըստ այդմ՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածների համաձայն՝ «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման լիազորությունները սահմանափակվել են՝ վերապահվելով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը:

«Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք խախտում ենք սեփականության իրավունքը։ Վստահ եմ, որ ռազմական դրության պայմաններում մեզ կհաջողվի ապահովել անխափան կապն Արցախի Հանրապետության տարածքում՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները»,-ասել է Արցախի նախագահը՝ ընդգծելով, որ մինչև հունվարի 1-ը կապի ոլորտի բոլոր ծառայությունները գործելու են անվճար, իսկ այն խոստումները, որոնք տրվել են հանրությանը՝ սակագների էական նվազեցման, կապի որակի բարձրացման և զարգացման առումով, բոլորն հընթացս իրականացվելու են:

Նշենք՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այսօր տարածած հաղորդագրությամբ հայտնել է, որ տեղեկություններն են ստացվել այն մասին, որ Արցախի Հանրապետության բջջային ցանցի՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից անհայտ ճանապարհով ձեռք բերված 097-77-72-70 հեռախոսահամարի օգտագործմամբ կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով։

Лента

Рекомендуем посмотреть