Րոպեներ առաջ ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ հակառակորդը կրկին խփել է Հադրութին։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանը կրկին խփել էր Հադրութ քաղաքին՝ կիրառելով «Սմերչ»․ վիրավորվել են քաղաքացիական անձինք։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Սահմանագծում ինտենսիվ մարտերը շարունակվում են։
Հակառակորդը պարբերաբար ոտնձգություն է անում նաև ՀՀ-ի հետ պետական սահմանին։ Երեկ հրետանային ու ԱԹՍ-ներից հարձակման են ենթարկվել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղը, Մեծ Մասրիկը։ Սպանվել է 1 քաղաքացիական անձ, 2 քաղաքացիական անձ վիրավորում է ստացել: Անցնող գիշեր ՀՀ օդային տարածքում հակառակորդի 4 անօդաչու է խոցվել, բոլորը՝ հետախուզական։
Ընդհանուր առմամբ՝ ՀՀ օդային տարածքում երեկվա ընթացքում խոցվել է հակառակորդի 7 անօդաչու։