Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) իր փաստահավաք առաքելության շրջանակներում տեղեկություններ է ստացել, որ հոկտեմբերի 1-ին Մարտունի քաղաքում ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 11 քաղաքացիական անձ: Վիրավորներից ոմանք լրագրողներ են, երկուսը՝ ֆրանսիական «Լա Մոնդ» թերթի լրագրողներ՝ Յաղոբզադեն Ռաֆայել Շառլզը և Ալան Կավալը:
Ճշտված տեղեկություններով՝ Ադրբեջանը դիտավորյալ ու հասցեական կերպով թիրախավորել է Մարտունի քաղաքի կենտրոնի քաղաքացիական օբյեկտները «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով:
Մարդու իրավունքների պաշտպանը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների, ինչպես նաև լրագրողների թիրախավորումը և կոչ անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ Ադրբեջանի կողմից կատարվող պատերազմական հանցագործություններին:
Պաշտպանը դիմում է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին հրատապ այց կազմակերպել Արցախ՝ տեղում փաստահավաք առաքելություն իրականացնելու և Արցախի ժողովրդի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները կանխելու համար: Բավ է հանցավոր լռությամբ կամ քաղաքական անհիմն փաստարկներով խուսափել սեփական պատասխանատվությունից Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության հարցում:
Խիստ անընդունելի է, երբ միջազգային կազմակերպություններն աչք են փակում նման պատերազմական հանցագործությունների առջև՝ քողարկվելով քաղաքական անհիմն փաստարկների ետևում, առավել ևս, երբ միջազգային իրավունքի հանրահայտ նորմերով մարդու իրավունքները համընդհանուր են և կախված չեն որևէ տարածքի կարգավիճակից: Մարդու իրավունքները զիջման ենթակա չեն:
Նշենք՝ այսօր Հադրութում և Մարտունիում շարունակվել է քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի ռմբակոծությունը, քաղաքացիական բնակիչների հետ մեկտեղ վիրավորվել են թե´ տեղական, թե´ օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Արցախում բժիշկներին հաջողվել է փրկել Մարտունիում Ադրբեջանական հրետակոծությունից ծանր վիրավորում ստացած ֆրանսիացի լրագրողի կյանքը, նա կտեղափոխվի Հայաստան:
Գլխավոր լուսանկարը՝ Վաղինակ Ղազարյանի