Այս օրերին աշխարհասփյուռ հայությունը թուրք-ադրբեջանական դեսպանությունների առաջ բողոքի ակցիաներով իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում հայրենիքում հակառակորդի դեմ պայքարում կռիվ տվող հայորդիներին, դատապարտում հակառակորդի արկածախնդիր քայլերը։
«Կեցցե հայ բանակը, կեցցեն հայ քաջերը», «Արցախը մերն է», «Մի հրահրի Ադրբեջանին, Թուրքիա»․ այս վանկարկումներով նախօրեին Իսպանիայում՝ Թուրքիայի դեսպանատան դիմաց, բողոքի ակցիա է անցկացրել Բարսելոնայի հայ համայնքը՝ դատապարտելով Արցախի և Հայաստանի դեմ հակառակորդի ագրեսիան և վայրագությունները, տարածաշրջանի անվտանգության սպառնալիք ալիևյան և էրդողանական ռեժիմները։
Հավաքի մասնակից հայերին միացել են նաև նրանց իսպանացի ընկերները՝ կոչ անելով այդ երկրին դուրս գալ պատերազմից ու չհրարհրել Ադրբեջանին։
«Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հետ չեն կարող և իրավունք չունեն սպառնալիքներով խոսել։ Փառք ու պատիվ հայ բազկին»,-բարձրաձայնել են հավաքի մասնակիցները, որոնք, այնուհետ, իսպաներեն լեզվով ուղերձներ են հղել հասցեատերերին։
Մանրամասները՝ տեսանյութերում։
Նշենք՝ այսօր էլ «Կեցցե Անկախ Արցախը», «Ոչ Արցախի դեմ ագրեսիային» գրառումներով Կոնգրեսի դիմաց ակցիա են անցկացրել իսպանացի պատգամավորները՝ ի դեմս իշխող Սոցիալիստական, կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին՝ կարող ենք», ինչպես նաև Բասկերի երկրի «Բիլդու» և մի քանի այլ կուսակցությունների պատգամավորների։
Հիշեցնենք՝ 2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), կրկին հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Մարտագծի ամբողջ երկայնքով ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ ինտենսիվ մարտերը շարունակվում են: Պաշտպանության բանակի (ՊԲ) հյուսիս-արևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում սեպտեմբերի 29-ին հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, որի հետևանքով ՀՀ օդային տարածքում կործանվել է ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն՝ մայոր Վալերի Դանելինը, զոհվել է։
Նախօրեին՝ սեպտեմբերի 30-ին, հայկական կողմը հայտնեց, որ Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին, որոնք ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչների, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ի հետ մեկտեղ առավոտյան ժամը 10:00-ից սկսած մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:
Անցնող գիշեր արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն, սակայն ժամ առաջ հաղորդվեց, որ հակառակորդը հրետանիով հարվածում է խաղաղ բնակչությանը, մասնավորապես, Հադրութին։
Այս օրերին միջազգային մամուլը գրեց Արցախի ու Հայաստանի դեմ ընթացող պատերազմին մասնակցելու համար 1500-2000 ԱՄՆ դոլարի դիմաց ադրբեջանական բանակի կազմում սիրիացի վարձկանների ներգրավման մասին։ Նախօրեին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը տարածած հայտարարությամբ կոչ արեց շահագրգիռ պետությունների ղեկավարներին արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը հակամարտությունում և անհապաղ դուրս բերել նրանց տարածաշրջանից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիվանագիտական հաղթանակ համարեց միջազգային հանրության կողմից արձանագրումը, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան
Տեսանյութերը և լուսանկարները՝ Բարսելոնայում «Ռադիո Վան»-ի աղբյուրի