«Ինչու՞ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու հայոց ցեղասպանությունը»,-հարցը ֆեյսբուքյան գրառմամբ հնչեցնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․
«Ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլև պրագմատիկ խնդիր: Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք շարունակելու և կայսերական երազանքը կյանքի կոչելու համար:
Սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա միայն հայ ժողովրդի անվտանգության հարց չէ: Սա այլևս միջազգային անվտանգության հարց է և հայ ժողովուրդը պաշտպանում է նաև միջազգային անվտանգությունը, ստանձնելով թերևս մի նորագույն պատմական առաքելություն»:
Նշենք՝ այսօր մեկ այլ գրառմամբ էլ ՀՀ վարչապետը, անդրադառնալով Արցախի ու Հայաստանի դեմ կռվող վարձկան-ահաբեկիչների խնդրին, նշել է, որ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ, և, որ հայկական երկրորդ հանրապետությունը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին, Ռուսաստանին ու Ֆրանսիային։