«Որ թռիչք չէր ունենում՝ իր համար սովորական օր էր, իսկ որ ունենում էր՝ ոնց որ աշխարհը իրենը լիներ»,-պատմում է սեպտեմբերի 29-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում ՍՈւ-25 գրոհիչի կործանման հետևանքով զոհված օդաչու մայոր Վալերի Դանելինի մայրը՝ Ռիտա Վարդանյանը՝ նշելով, որ որդին փոքր հասակից երազել էր օդաչու դառնալ:
Որդու կորստյան ցավը խեղդելով՝ օդաչուի հայրը՝ Միշա Դանելինն էլ ընդգծում է.
«Իմ պապերի կիսատ թողած գործը ինքը շարունակեց, ճիշտ է՝ վերջում վատ ավարտ ունեցավ, բայց, այդուամենայիվ, ինքն իր առաջադրանքը կատարեց»:
«Զինուժը» զոհված օդաչուի մասին տեսանյութ է հրապարակել՝ «Վալերի Դանելին. վերջին թռիչքը՝ դեպի անմահություն» խորագրով:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին հայկական կողմը հայտնեց 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչների Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից օդ բարձրանալու մասին։ Հաղոդվեց, որ մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, որի օդաչուն՝ մայոր Վալերի Դանելինը զոհվել է։
Հավերժ փառք Հայրենքի համար հերոսացած մեր բոլոր քաջերին։