«Փորձելու եմ լավ սովորել, անցնել անվճար համակարգ»․ սահմանին զոհված Կարեն Մարգարյանը ՀՊՏՀ ուսանող էր - RadioVan.fm

Онлайн

«Փորձելու եմ լավ սովորել, անցնել անվճար համակարգ»․ սահմանին զոհված Կարեն Մարգարյանը ՀՊՏՀ ուսանող էր

2020-09-30 14:53 , Общество, 1708

«Փորձելու եմ լավ սովորել, անցնել անվճար համակարգ»․ սահմանին զոհված Կարեն Մարգարյանը ՀՊՏՀ ուսանող էր

Երևանի պետական տնտեսագիտական համալսարանից (ՀՊՏՀ) խորը ցավով հայտնում են, որ հակառակորդի դեմ մղվող մարտերում հայրենիքի համար կյանքը զոհաբերած քաջորդիներից է ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսանող Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակիչ Կարեն Մարգարյանը:

Նշվում է, որ Կարենը բանակ էր զորակոչվել 2019թ. հունվարին՝ բոլոր քննությունները փայլուն հանձնելուց հետո:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանն աել է, որ Կարենը բացառիկ ուսանող էր՝ խելացի, լավ սովորող, պարտաճանաչ, համեստ ու զուսպ... անվերջ կարելի է բնութագրել նրան.

«Շատ պարտաճանաչ էր, ամեն օր առավոտ 8.30-ին նա արդեն բուհում էր լինում, լսարանում միշտ 1-ին սեղանին էր նստում՝ դասախոսին մոտ, ու ձգտում էր բոլոր հարցերին պատասխանել: Բանակ զորակոչվելուց առաջ նա ջանաց բոլոր քննությունները հանձնել, բարձր գնահատականներ ստանալ: Որոշել էր ծառայությունից վերադառնալ ու լավ սովորելով՝ անցնել անվճար համակարգ. և կասկած չունեմ, որ անցնելու էր...»:

Բուհ-ի Ֆինանսական ֆակուլտետի 1-ին հարկում ստեղծվել է Կարեն Մարգարյանի հիշատակի անկյուն:

«ՀՊՏՀ-ի մասին տեղեկություններ եմ որոնել բուհի պաշտոնական կայքում, իսկ այժմ, երբ արդեն ուսանողի կարգավիճակում եմ, համոզվում եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Ամեն կերպ փորձելու եմ լավ սովորել, անցնել անվճար համակարգ: Տեղյակ եմ նաև, որ սահմանամերձ բնակավայրերից եկած ուսանողներին մի շարք առավելություններ են տրվում լավ սովորելու դեպքում, ուստի սովորելու մոտիվացիաս էլ ավելի մեծ է»,-2018 թ. սեպտեմբերին ՀՊՏՀ 1-ին կուրսեցիներին հետ անցկացված զրույցում ասել է Կարենը։

Բուհ-ի՝ առաջին կուրսեցիների հետ զրույցներն արտացոլող հրապարակումը, որում առկա է նաև հայրենիքի սահմանների պաշտպանության համար նահատակված խելացի ու ուսումնատենչ Կարենի խոսքը կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։

Հիշեցնենք՝ 2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին․ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Մարտագծի ամբողջ երկայնքով ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ ինտենսիվ մարտերը շարունակվում են: Այսօր Պաշտպանության բանակի (ՊԲ) հյուսիս-արևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ: Հակառակորդի մարդկային և ռազմատեխնիկական կորուստները ավելանում են:

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նախօրեին հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է, որ ընդհանուր առմամբ, պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր Ադրբեջանը կորցրել է 790 զինծառայող, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ, որտեղ ընթացել են բավականին համառ և դժվար մարտեր։ Ըստ Հովհաննիսյանի, Ադրբեջանի բոլոր ստորաբաժանումները միասին վերցրած մոտ 1900 վիրավոր ունեն։

Հայկական կողմը, ցավոք, ևս կուրուստներ ունի։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Շուրջ 200 վիրավոր կա։

Կարեն Մարգարյանը, նշենք, ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակվել է սեպտեմբերի 27-ին։

Лента

Рекомендуем посмотреть