Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացրել այն կիրառել։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Կոնվենցիայի լրջագույն խախտումների, ՄԻԵԴ-ը 7 դատավորից կազմված Պալատի կազմով որոշել է կիրառել Դատարանի կանոնների 39-րդ կանոնը։
Նման խախտումներ կանխելու համար, ինչպես նաև 39-րդ կանոնի համաձայն՝ ՄԻԵԴ-ը կոչ է անում և Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։
ՄԻԵԴ-ը նաև կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել իրենց կոնվենցիոն պարտավորությունները, հատկապես Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելք) հոդվածների առումով։
Երկու կողմերն էլ, հնարավորինս սեղմ ժամկետում, իրենց պարտավորությունների կատարման մասին տեղեկություն պետք է ներկայացնեն Եվրոպական դատարան։
Հիշեցնենք, Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր դիմել Արցախի հետ շփման գոտում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների օրը՝ սեպտեմբերի 27-ին։
Պահանջը հետևյալն էր՝
- պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով,
-պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Դանիել Հոլթգենը օրերս հույս էր հայտնել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առաջիկայում որոշում կընդունի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարվածության վերաբերյալ Հայաստանի հայցի կապակցությամբ: