Երևանի և մարզերի բնակիչների կողմից՝ Արցախ ուղարկելու համար տարբեր պարունակություն ունեցող արկղեր են պատրաստվել: Դրանք վարչական շրջանների համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով փոխանցվում են հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման համակարգող լիազոր մարմնին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը (ԱԻՆ)։ Նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել:
ԱԻՆ-ից շեշտում են՝ թիկունքից սահման հասցվող առաջին անհրաժեշտության պարագաները փաթեթավորված են հոգատարությամբ, ջերմությամբ ու հաղթանակի վստահությամբ:
Ստացված օգնությունը տեսակավորվում և խմբավորվում է, որից հետո համապատասխան ստորաբաժանումները պատրաստվում են բեռը հանձնել Արցախի մեր հայրենակիցներին։
Ընդգծվում է՝ ԱԻՆ հումանիտար արձագանքման աշխատանքների համակարգող՝ ԱԻՆ Փրկակար ծառայության (ՓԾ) տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը հավաքված բեռն անձամբ է տեղ հասցնելու:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է խնդրել և հորդորել, որ Արցախի Հանրապետության ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերել ցանկացողները համակարգված գործեն՝ կապ հաստատելով ՏԻՄ-երի, վերջիններս էլ՝ ԱԻՆ-ի հետ, որպեսզի գործընթացը լինի նպատակային և հասցեական: