Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Այս մասին 10։25-ին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նշվում է, որ օդում են նաև Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները։
Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով Հակաօդային պաշտպանության միջոցների (ՀՕՊ) խոցման տիրույթ։
«Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ Օդաչուների թուրքերենով խոսակցություններն արձանագրված են»,-գրել է Հովհաննիսյանը
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախա-ադրբեջանական ճակատային գծի բոլոր ուղղություններով մարտական գործողություններն ընթացել են ամբողջ գիշերվա ընթացքում՝ շարունակվելով նաև այսօր։ Այս պահին մարտական գործողություները շարունակվոմ են բոլոր ուղղություններով: Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնել են , որ մարտավարական նախաձեռնությունն իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ: