Ստեփանակերտի ապաստարաններում խաղաղ բնակիչներն ունեն բազմաթիվ կենցաղային խնդիրներ՝ սննդի կազմակերպումից մինչև մահճակալներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սեպտեմբերի 27-ից Արցախում գտնվող ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
Նշենք՝ նա երեկ հայտնել էր, որ առավոտյան այցելել է Ստեփանակերտում գտնվող մի քանի ապաստարաններ, որտեղ պատսպարվել են խաղաղ բնակիչները՝ կանայք, երեխաները, ծերերը։
Աննա Հակոբյանն այսօր կատարած գրառմամբ տեղեկացնում է, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը ստանձնել է այս ապաստարանում մահճակալներ տեղադրելու հարցը:
«ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ կզբաղվի ապաստարաններում մարդկանց սննդի ապահովման խնդրով:
Ինչ վերաբերում է հոգեբանական վիճակին, ապա ապաստարաններում գտնվող մայրերը, կանայք և քույրերը, ինչպես նաև տարեցները, ճիշտ է հուզված էին, բայց ամուր էին ու պինդ»-գրել է նա: