Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնամասշտաբ հարձակմամբ սանձազերծված պատերազմի կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս պարոն Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ` իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով օժանդակելու համար Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին:
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ նշելով, որ այդ կապակցությամբ այսօրվա դատական նիտը հետաձգելու միջնորդություն է ներկարացրել դատարան։
Արցախ է մեկնում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այդ մասին Aysor.am-ին հայտնել է նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Նշենք՝ սեպտեմբերի 27-ին՝ արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի սանձազերծած գործողությունների ֆոնին Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել էր․
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր թշնամին կրկին պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ։ Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց քաղաքական և ռազմական աջակցությամբ, կրկին փորձում է լուծել ղարաբաղյան հակամարտությունը` զենքի ուժով։ Այսօր ժամանակը չէ խոսելու այն մասին, թե որն էր թշնամու այսչափ լկտիանալու պատճառը։ Հիմա բոլորիս սրբազան պարտքն է պաշտպանել հայրենիքը։ Մենք բոլորս պետք է մեզ Պաշտպանության բանակի զինվոր համարենք, լինենք կազմակերպված, միասնական ու ևս մեկ անգամ, ինչպես դա եղել է 1992-94թթ․, միահամուռ ուժերով ջախջախենք թշնամուն։ Վստահ եմ․ հայկական զինված ուժերը, իրենց թիկունքում ունենալով ողջ աշխարհասփյուռ հայության միակամ աջակցությունը, ի զորու են պաշտպանել Արցախի Հանրապետությունը ու հաղթանակ ապահովել»։
Նշենք՝ այսօր պետք է տեղի ունենար Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որը, սակայն, Սեյրան Օհանյանի պաշտպանի ներկայացրած՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդության հիմքով՝ հետաձգվել է։