Եվրոպայի խորհուրդը ակնկալում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) առաջիկայում որոշում կընդունի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարվածության վերաբերյալ Հայաստանի հայցի կապակցությամբ:
Այս մասին այսօր ՏԱՍՍ գործակալության թղթակցին հայտնել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Դանիել Հոլթգենը։
«ՄԻԵԴ-ը ստացել է Հայաստանի հայցը միջանկյալ միջոց կիրառելու հարցով, առայժմ չեմ կարող ասել, թե երբ որոշում կընդունվի այդ հարցով, սակայն ակնկալում եմ, որ դա տեղի կունենա շուտով»,-ռուսաստանյան պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Եվրոպայի խորհրդի պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել կիրակի օրը:
«Այն է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց»,-նշված է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի տարածած հաղորդագրությունում:
Այսօր հաղորդվեց, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի Եվրադատարան նոր փաստեր է ներկայացրել։