Գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունները շարունակվել են, հայկական զինված ուժերը (ԶՈւ) նշանակալի հաջողություններ ունեն: Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են:
Այս մասին րոպերեն առաջ կատարած ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա ընդգծում է, որ մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը։
Նշենք՝ Արցախի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ Արցախի հետ շփման գծում սեպտեմբերի 27-ի առավոտից Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների, հակառակորդի ագրեսիան հետ մղելու, ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են 31 զինծառայողներ։
Արցախի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակված ինտենսիվ մարտական գործողությունների,ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր:
Նշենք՝ երեկ երեկոյան հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ հակառակորդը 200-ից ավելի զոհ, 4 ուղղաթիռի, 27 անօդաչու թռչող սարքի, 33 տանկի և հետևակի մարտական մեքենաների կորուստ ունի։