Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) տեղեկությունների համաձայն՝ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը կորցրել է 3 ուղղաթիռ, շուրջ 20 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)՝ նաև հարվածային, շուրջ 30 տանկ և հետևակի մարտական մեքենա։
Արցախի ՊԲ-ից ստացված տեղեկությունը հրապարակել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի ՊԲ նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը հայտարարել էր Ադրբեջանն կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստների մասին։ Նշվել էր, որ խոցվել է 3 ուղղաթիռ, 20 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները:
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։
Հաղորդվել է հայկական կողմից 16 զոհի և 100-ից ավելի վիրավորների մասին: Հակառակորդի կողմից ավելի քան 50 խաղաղ բնակավայրերի վրա ծանր հրետանու ու օդուժի կիրառման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում այս պահին հաստատված 2 զոհ կա, 30-ից ավելի վիրավոր:
Այս պահին ընթանում են թեժ մարտեր։