«Մի ձեռքում՝ զենք, մյուսում՝ բահ»․ Արցախի գյուղնախարարը կոչ է անում շարունակել մատակարարումը վերամշակողներին - RadioVan.fm

Онлайн

«Մի ձեռքում՝ զենք, մյուսում՝ բահ»․ Արցախի գյուղնախարարը կոչ է անում շարունակել մատակարարումը վերամշակողներին

2020-09-27 20:33 , Общество, 1081

«Մի ձեռքում՝ զենք, մյուսում՝ բահ»․ Արցախի գյուղնախարարը կոչ է անում շարունակել մատակարարումը վերամշակողներին

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը գյուղոլորտի աշխատողներին կոչ է անում շարունակել մատակարարումը վերամշակողներին՝ ապահովելու համար պարենամթերքի անխափան արտադրությունը:

«Սիրելի քույրեր և եղբայրներ,

Հակառակորդը պատերազմ է սանձազերծել հայության դեմ:

Այս ծանր և պատասխանատու պահին մենք՝ բոլորս, կազմած մի կուռ ամբողջություն, պարտավոր ենք կանգնել մեր իշխանությունների թիկունքին և մեր զինվորի կողքին, անմնացորդ ներդրումը բերել հաղթանակի գործին: Հաղթանակ, որը կասկած չի հարուցում: Իսկ դրա համար անպայման անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս իր պարտականություններին վերաբերվի կրկնակի, եռակի նվիրումով:

Հատկապես հիմա մեզանից շատ բան է կախված լինելու: Մեր մոտեցումը, որակյալ ու պատասխանատու աշխատանքը նպաստելու են, որ պաշտպանության բանակն ու ազգաբնակչությունն ապահովված լինեն պարենամթերքով: Մեզանից յուրաքանչյուրը՝ նախարարից մինչև հողօգտագործող, պարտավոր է իր գործը դիտարկել որպես խրամատում մարտնչող զինվորի գործի շարունակություն: Մի ձեռքում՝ զենք, մյուսում՝ բահ: Ու մենք՝ միասին, պատվով կկատարենք մեր առաքելությունը:

Մեր տնտեսավարողներին ու արտադրողներին կոչ եմ անում շարունակել մատակարարումը վերամշակողներին՝ ապահովելու համար պարենամթերքի անխափան արտադրությունը:

Առաջին անգամը չէ, որ մենք դիմակայում ենք մարտահրավերներին: Եվ անպայման կգա այն օրը, երբ մենք նորից կարարենք խաղաղ երկնքի տակ: Իսկ առայժմ՝ անենք մեզանից կախված հնարավորը՝ ավելի մոտեցնելու ստեղծագործ աշխատանքի գրավական բաղձալի հաղթանակը:

Աստված պահապան բոլորիս, ուժ ու կորով, հաղթական բազուկ մեր զինվորին»,-ասված է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը գյուղոլորտի աշխատողներին ուղղված խոսքում։

Лента

Рекомендуем посмотреть