Պահի լրջությունը պահանջում է մեր բոլորի զգոնությունը․ Փաշինյանը ուղերձ է հղել - RadioVan.fm

Онлайн

Պահի լրջությունը պահանջում է մեր բոլորի զգոնությունը․ Փաշինյանը ուղերձ է հղել

2020-09-27 18:23 , Общество, 1288

Պահի լրջությունը պահանջում է մեր բոլորի զգոնությունը․ Փաշինյանը ուղերձ է հղել

«Սիրելի ժողովուրդ,

Իլհամ Ալիևի բռնատիրական վարչակազմը վերստին անցել է պատերազմական գործողությունների: Դա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է: Դա պատերազմ է մեր անկախության, ազատության և արժանապատվության դեմ:

Հայ ժողովուրդը պատրաստ է այդ պատերազմին: Քանզի միշտ սթափ գիտակցել է, որ հայատյացությունը, թշնամանքը և ատելությունը, որով տասնամյակներ ի վեր ադրբեջանական բռնապետությունը սնում է իր ժողովրդին, չէր կարող որևէ այլ արդյունքի հանգեցնել, քան պատերազմը: Ադրբեջանի բռնապետությունն իր իսկ վարած հակահայկական քաղաքականության պատանդն է դարձել և այսօր փորձում է արդարացնել իր իսկ որդեգրած քարոզչական խոստումները՝ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու մասին»,-այդ մասին հայ ժողովրդին հղած ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա ներկայացմամբ` այս պահին էլ Պաշտպանության բանակը համառ մարտեր է մղում և պատվով է կատարում Արցախը պաշտպանելու իր խնդիրը:

Ուղերձն ամբողջությամբ՝ ստորև․

«Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Արցախի հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սփյուռքի հպարտ հայություն,

Քույրեր և եղբայրներ,

Այսօր վաղ առավոտից Արցախի Հանրապետությունը ենթարկվել է ադրբեջանական զինված ուժերի ագրեսիային:

Ռմբակոծության են ենթարկվում Արցախի խաղաղ բնակչությունը, մայրաքաղաք Ստեփանակերտը, Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս պահի դրությամբ կան արդեն զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:

Օգտագործելով ծանր սպառազինություն, հրետանի, հետևակ՝ հակառակորդը գրոհի է ենթարկում պաշտպանության բանակի դիրքերը՝ բոլոր ուղղություններով: Պաշտպանության բանակը այս պահի դրությամբ համառ մարտեր է մղում և պատվով է կատարում Արցախը պաշտպանելու իր խնդիրը՝ ձեռնարկելով իրավիճակից բխող գործողություններ:

Սիրելի ժողովուրդ,

Իլհամ Ալիևի բռնատիրական վարչակազմը վերստին անցել է պատերազմական գործողությունների: Դա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է: Դա պատերազմ է մեր անկախության, ազատության և արժանապատվության դեմ:

Հայ ժողովուրդը պատրաստ է այդ պատերազմին: Քանզի միշտ սթափ գիտակցել է, որ հայատյացությունը, թշնամանքը և ատելությունը, որով տասնամյակներ ի վեր ադրբեջանական բռնապետությունը սնում է իր ժողովրդին, չէր կարող որևէ այլ արդյունքի հանգեցնել, քան պատերազմը: Ադրբեջանի բռնապետությունն իր իսկ վարած հակահայկական քաղաքականության պատանդն է դարձել և այսօր փորձում է արդարացնել իր իսկ որդեգրած քարոզչական խոստումները՝ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու մասին:

Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն: Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության և անկախության երաշխավորն է: և Հայաստանի Հանրապետությունը իր բնակչության ու պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին: Մենք գործադրելու ենք հնարավոր և անհնարին ամեն ջանք մեր հայրենիքի սահմանները անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար: Որպես 1994թ. հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ՝ Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, դիվանագիտական և ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ գործողություններ՝ ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու և հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով։

Այս պահի դրությամբ հակառակորդն արդեն իսկ կրում է մարդկային և զինտեխնիկայի զգալի կորուստներ: Ադրբեջանը պետք է քաջ գիտակցի, որ մեր բանակի մարտունակությունն այսօր բարձր է, քան երբևէ: Թշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին այսօր կանգնած է համայն հայությունը:

Մենք միասնական ենք ինչպես միշտ: Մենք միասնական ենք, ինչպես եղել ենք մեր պատմության վճռորոշ բոլոր պահերին, երբ ոսոխը սպառնացել է մեր գոյությանը, մեր ինքնությանն ու արժեքներին: Ադրբեջանի բռնապետ իշխանությունները պետք է հասկանան, որ անհնարին է ծնկի բերել հայ ժողովրդին: Մենք մեր հազարամյա պատմության ընթացքում ունեցել ենք բազմաթիվ վճռորոշ պահեր և հաղթահարել բազում դժվարություններ: Մեր գործն արդար է և այս հանցավոր ոտնձգությունը ևս արժանի հակահարված կստանա:

Մենք լավ գիտակցում ենք, որ ադրբեջանական բռնապետությունը ռազմական գործողություններ կարող է սկսել նաև Հայաստանի Հանրապետության սահմանների ուղղությամբ ու դիմել տարբեր սադրանքների՝ տարածաշրջանում իրավիճակն ամբողջովին ապակայունացնելու համար: Այս է պատճառը, որ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և միջազգային ողջ հանրության ուշադրությունը հրավիրում եմ իրավիճակի լրջության վրա: Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի բռնկումը, որի շեմին մենք հիմա կանգնած ենք, կարող է ամենաանկանխատեսելի հետևանքներն ունենալ: Այն կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից և ձեռք բերել շատ ավելի լայն մասշտաբներ՝ սպառնալով միջազգային անվտանգությանն ու կայունությանը:

Միջազգային հանրությանը կոչ եմ անում գործադրել ազդեցության բոլոր լծակները՝ զերծ պահելու Թուրքիային հնարավոր բոլոր միջամտություններից, ինչը վերջնականապես կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում: Թուրքիայի ագրեսիվ վարքագիծը, որը խիստ վտանգավոր դրսևորում ունեցավ հատկապես հուլիսյան դեպքերի ժամանակ և շարունակվում է այսօր, լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Թուրքիայի նման վտանգավոր կեցվածքի պահպանումը ամենակործանարար հետևանքներով է հղի Հարավային Կովկասի և հարակից տարածաշրջանների համար: Միջազգային հանրությունը պետք է միասնական ջանքերով կանխի դեպքերի վտանգավոր զարգացումը և տարածաշրջանը զերծ պահի ապակայունացնելու բոլոր փորձերից:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք կանգնած ենք լուրջ վտանգի առաջ: Իրավիճակը ավելի է բարդանում համավարակի պայմաններում: Ուստի պահի լրջությունը պահանջում է մեր բոլորի զգոնությունը: Մեր հաղթանակը կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական և մեր միասնական, հավաքական ջանքից և պահվածքից:

Կոչ եմ անում բոլորին ցուցաբերել բարձրագույն աստիճանի կարգապահություն և բարձր քաղաքացիական գիտակցություն: և մենք կհաղթենք:

և ուրեմն՝

Կեցցե Ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե Արցախի Հանրապետությունը,

Կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրելու ենք Ազատ և Երջանիկ Հայաստանում, Ազատ և Երջանիկ Արցախում:

Փառք Հայոց բանակին:

Հավերժ փառք Հայ զինվորին»:

Лента

Рекомендуем посмотреть