«Ոչ մեկի հետ չենք խորհրդակցել»․ երիտասարդները՝ զինվորներին ծխախոտ, քաղցրավենիք ուղարկելու նախաձեռնությամբ - RadioVan.fm

Онлайн

«Ոչ մեկի հետ չենք խորհրդակցել»․ երիտասարդները՝ զինվորներին ծխախոտ, քաղցրավենիք ուղարկելու նախաձեռնությամբ

2020-09-27 18:08 , Общество, 1017

«Ոչ մեկի հետ չենք խորհրդակցել»․ երիտասարդները՝ զինվորներին ծխախոտ, քաղցրավենիք ուղարկելու նախաձեռնությամբ

Քաղցրավենիք, ծխախոտ, մարտկոց զինվորին․մի խումբ երիտասարդներ այս պարագաները հավաքագրելու և սահման ուղարկելու նախաձեռնություն են սկսել։

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Վերնիսաժ»-ի հարակից տարածքում՝ Գարեգին Նժդեհի արձանի հարևանությամբ, նրանք տուփեր են տեղադրել՝ համապատասխան գրություններով ու ակնկալում են քաղաքացիների աջակցությունը։

«Ռադիո Վան»-ի հարցին, թե խորհրդակցել են, արդյոք, ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ ակցիայի նախաձեռնողներից Անի Ալեքյանն ասաց, որ քայլը ինքնաբուխ է ու հավելեց․

«Ոչ մեկի հետ չենք խորհրդակցել, յուրաքանչյուր հայ պարտավոր է լինել իր զինվորի կողքին ու պարտադիր չէ, որ որևէ պետական մարմնի հետ խորհրդակցենք նախօրոք։ Մենք մեր զինվորի կողքին ենք և ոչ ոք մեզ չի կարող արգելել որևէ բան հասցնել մեր զինվորին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։

Հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները:

Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտնել է, որ ադրբեջանական զինուժի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքով միայն Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավոր կա, ներառյալ՝ երեխաներ ու կանայք։

Արցախում և Հայաստանում արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով հայտարարվել է կամավոր դոնորության մասին։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть