Միայն Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավոր կա, ներառյալ՝ երեխաներ ու կանայք. Արցախի ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Միայն Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավոր կա, ներառյալ՝ երեխաներ ու կանայք. Արցախի ՄԻՊ

2020-09-27 16:19 , Общество, 1465

Միայն Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավոր կա, ներառյալ՝ երեխաներ ու կանայք. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմը փաստահավաք առաքելություն է սկսել ադրբեջանական զինված ուժերի կողմից այսօր սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ։

«Թարմացված տվյալներով՝ Ադրբեջանը հրետակոծել և հարվածային ԱԹՍ-ներով հարվածել է բոլոր խոշոր ու բազմաթիվ փոքր բնակավայրերի (ներառյալ՝ Ստեփանակերտ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ, Շուշի քաղաքները):

Նախնականորեն քաղաքացիական բնակչության շրջանում առկա է հաստատված 2 զոհ ու տասնյակ վիրավոր: Միայն Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավոր կա, ներառյալ՝ երեխաներ ու կանայք: Պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ապաքինվող մի խումբ վիրավորների:

Ի թիվս բազմաթիվ ենթակառուցվածքային վնասների, վնասվել են նաև որոշ դպրոցներ:

Հավաքագրված տվյալների վերլուծությունը վկայում է այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը նպատակային ու հասցեական կերպով թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին, այն էլ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում, և միջոցներ ձեռք առնել Արցախի Հանրապետության հազարավոր բնակիչների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման ուղղությամբ»,-ասված է Արցախի Օմբուդսմենի աշխատակազմի տարածած հաղոդագրությունում:

Նշենք՝ ավելի վաղ Արցախի Օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը հայտնել էր ադրբեջանական հարձակման հետևանքով Արցախի խաղաղ բնակչության շրջանում կորուստների մասին:

Հիշեցնենք՝ այսօր ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։

Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները:

Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։

Лента

Рекомендуем посмотреть