«Մենք բոլորս հայոց բանակի զինվորն ենք»․ ՀՀ ընդդիմադիր ուժերը հայտարարություններ են տարածել - RadioVan.fm

Онлайн

«Մենք բոլորս հայոց բանակի զինվորն ենք»․ ՀՀ ընդդիմադիր ուժերը հայտարարություններ են տարածել

2020-09-27 14:16 , Политика, 1136

«Մենք բոլորս հայոց բանակի զինվորն ենք»․ ՀՀ ընդդիմադիր ուժերը հայտարարություններ են տարածել

Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով այսօր առավոտից սկսված թեժ մարտերի առնչությամբ հայտարարություններ են տարածել հայաստանյան քաղաքական ուժերը։

Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Հայաստանի Գերագույն մարմնի տարածած հայտարարությունում ասված է․

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր առավոտյան ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման ողջ երկանքով անցել է հարձակման: Հերթական անգամ Ադրբեջանը սանձազերծել է պատերազմական գործողություններ: Մեր հաղթանակի գրավականն է ամուր թիկունք, ժողովրդի համախմբում, միասնականություն:

Հ.Յ. Դաշնակցությունը, իր ողջ համահայկական կարողականությամբ և վճռականությամբ կագնած է հայոց բանակի կողքին: Այս պահից մենք բոլորս հայոց բանակի զինվորն ենք և պատրաստ ցանկացած մարտական առաջադրանքի: Համոզված ենք. այս ճակատամարտում ևս հայ ժողովրդը կարձանագրի իր հաղթանակը»:

«Հայրենիք» կուսակցության հայտարարությունում ասված է․

«Վաղ առավոտից ադրբեջանական կողմը Արցախի շփման գծի ողջ երկայնքով սանձազերծել է ռազմական գործողություններ, որին հայկական Զինված Ուժերը տվել և տալիս են արժանի հակահարված։ Այս մասին ասվում է

«Հայրենիք» կուսակցությունը, մի կողմ դնելով իշխանությունների հետ առկա քաղաքական բոլոր տարաձայնությունները, այս պահին ամբողջ կազմով համախմբված է հայկական բանակի, Հայաստանի և Արցախի պետությունների շուրջ և ունեցած ողջ կարողությամբ նպաստելու է հաղթանակին:

Հայկական Զինված Ուժերը եղել են և շարունակում են մնալ ամենամարտունակը տարածաշրջանում: Մենք հաղթել ենք նախորդ բոլոր պատերազմներում, հաղթելու ենք նաև հիմա»։

Հայտարարություն է տարածել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը, որում ասված է․

«Սիրելի՛ հարենակիցներ,

այսօր վաղ առավոտյան Ադրբեջանն Արցախի հանրապետության ուղղությամբ սանձազերծել է պատերազմական գործողություններ, սկսել օդային և հրթիռային հարձակում Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով: Միայն մեր միասնությամբ ու համախմբվածությամբ մենք կարող ենք արժանի հակահարված տալ թշնամուն:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր ամբողջ կազմով հայ զինվորի կողքին է, պատրաստ զենք վերցնել հանուն հայրենիքի անվտանգության պահպանման: Այս պահին մենք բոլորս զինվոր ենք:

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամները վաղ առավոտից միջազգային կառույցների իրենց գործընկերներին ահազանգել են տիրող իրավիճակի մասին՝ ակնկալելով համարժեք գնահատական:

Մեր հաղթանակն անկասելի է …»։

Հիշեցնենք՝ այսօր ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։

Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները:

Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի տեղեկություններով՝ արցախա-ադրբեջանական սահմանին մարտական գոծողությունների ընթացքում տասը զինծառայող է զոհվել:

Лента

Рекомендуем посмотреть