Այրվածքաբանության ազգային կենտրոնը բերվել է առաջին պատրաստության վիճակի:
Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը։
«Մեր մասնագետները կապի մեջ են շփման գոտում գտնվող ԲԿ-ների գործընկերների հետ:
Անհրաժեշտության դեպքում կշահագործվի կենտրոնի ուղղաթիռահարթակը»,-գրել է Սիմոնյանը։
Հիեցնենք՝ այսօր ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները:
Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Մարտերը շարունակվում են:
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի տեղեկություններով՝ արցախա-ադրբեջանական սահմանին մարտական գոծողությունների ընթացքում տասը զինծառայող է զոհվել: