Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ Արցախում Ադրբեջանի սանձացերծած ռազմական գործողությունների պայմաններում ընդհատելով Իտալիա կատարած այցը վերադառնում է Հայաստան։
Հայտարարությունում ասված է․
«Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը` վերստին խախտելով զինադադարը, ուխտադրուժ կերպով նախահարձակ են եղել շփման գծի ողջ երկայնքով՝ ռմբակոծելով Արցախի խաղաղ բնակավայրեր, այդ թվում և մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախ հայրենի մեր երկիրը վերստին կանչում է մեզ ամենքիս՝ պաշտպանելու մեր ազգի իրավունքները, մեր սրբազան հողը, մեր ապագան ու ազգային արժանապատվությունը։
Կոչ ենք անում մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն Հայրենիքի պաշտպանության կարիքների։
Այս պահին, այցով գտնվելով Իտալիայում, որի ընթացքում պետք է հանդիպում ունենայինք Մեր սիրեցյալ եղբայր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, ընդհատում ենք այն և անհապաղ վերադառնում Հայրենիք։
Աստված պահապան Արցախ աշխարհին, զորավիգ ու ապավեն՝ մեր քաջազուն զինվորներին ու հրամանատարներին»։
Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում կատարած մեկ այլ գրառմամբ էլ Գարեգին Երկրորդը տեղեկացնում է, որ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել են Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայով պայմանավորված իրավիճակը։ Զրույցի ընթացքում շեշտվել է աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման կարևորությունը։
Հիշեցնենք՝ այսօր ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները:
Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Մարտերը շարունակվում են:
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։