Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք` 18-ից բարձր տարիքային խմբի համար: Այդ մասին Արցախի Ազգային ժողովում հանդես գալով հայտարարությամբ` ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի: Մեզանից ավելի շատ խաղաղություն սիրող ու խաղաղության կողմնակից չկա:
Մենք չենք ցանկացել պատերազմ, այս պատերազմը մեզ պարտադրվել է, և պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքն ու ընտանիքները:
Իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը:
Տարածաշրջանում հղի հումանիտար աղետի համար պատասխան է տալու անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը», - շեշտել է նա: