Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Ինչպես նշել է ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ադրբեջանական զորքերը ժամը 07:10-ին հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։ Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։ Մարտերը շարունակվում են»,-գրել է նա՝ րոպեներ առաջ էլ հայտնելով, որ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։
«Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր»,-նշել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։
Նշենք, որ ըստ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Իր հերթին Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են:
Առավոտյան 8:17-ին հրապարակվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի մարտակոչը, որում ասված է.
«2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին՝ կարծելով, թե այդ ճանապարհով կարողանալու է հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը:
Սեպտեմբերի 27-ի առավոտյան, ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: Այդ ծրագրերը մեզ հայտնի են վաղուց, դրանց էությունը կարելի է արտահայտել մի բառակապակցությամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստանը:
Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է: Հաղթանակը հեշտ չի տրվելու: Իր բնույթին հավատարիմ՝ հակառակորդը թիրախավորելու է խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը, նա տարբերություն չի դնելու զինվորի ու մանկահասակ երեխայի, հոգևորականի ու տարեց կնոջ, հասուն տղամարդու և անօգնական ծերունու միջև. նրա թիրախը բոլորս ենք: Հաղթանակը պահանջելու է ուժերի գերլարում և երկաթակուռ միասնություն: Հիմա մի կողմ պետք է դրվեն բոլոր տարակարծությունները, բոլոր տեսակետները, բոլոր կարծիքները: Մեր նպատակը մեկն է՝ ջախջախել հակառակորդին բոլոր հնարավոր միջոցներով, խորտակիչ հարվածներ հասցնել նրա զինված ավազակախմբերին, ոչնչացնել նրա ռազմական ենթակառուցվածքը, անհրաժեշտության դեպքում նաև ընդարձակել անվտանգության գոտին ու պարտադրել վերջնական խաղաղություն:
Այդ խնդիրը կատարելու համար պետք է մեկտեղվեն բոլորիս ջանքերը:
Մեր հաղթանակն այլընտրանք չունի. մենք պաշտպանում ենք մեր նախնիների շիրիմներն ու մեր երեխաների ապագան: Մենք պաշտպանում ենք մեր նախնիների հողի վրա ապրելու իրավունքը: Մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը:
Մեզ հետ է արդարությունը: Մեզ հետ է Աստված:
Հաղթանակը մե՛րն է լինելու»: