«Քաղաքացի Փաշինյանը չհերքեց այն, ինչին մարդիկ ուզում էին չհավատալ։
Նա չհերքեց այն, ինչը գրում է ադրբեջանական մամուլը ու բարբաջում նրանց նախագահը։
Նա չհերքեց, որ Ալիևին խնդրել է չկրակել, որ այստեղ «ներքին թշնամի» կալանավորի, նա չհերքեց, որ իր նախկին խորհրդականը գաղտնի ու առանձին բանակցել է ադրբեջանցիների հետ»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության ղեկավար, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։
Նշենք՝ այդ ելույթում խոսելով վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարության՝ Հայաստանի կողմից բանակցությունները վիժեցնելու վերաբերյալ հայտարարությունների մասին՝ նշել է, թե Ադրբեջանը քարոզչական արշավում նոր կոմպոնենտ է մտցրել՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում։ Վարչապետը, միաժամանակ, ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ է տվել չգնալ այդ ճանապարհով, այլապես, եթե սկսեն կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա:
Արփինե Հովհաննիսյանն, ահա, գրել է․
«Հարգե՜լի հերոսական ԱԱԾ՝ յուր գործակալ փնտրող ղեկավարով, դուք ՀՀ քրեական օրենսգրքի ոչ մի արարք չե՞ք տեսնում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող քաղաքացի Փաշինյանի ասածների մեջ:
Քաղաքացի Փաշինյանը չհերքեց այն, ինչին մարդիկ ուզում էին չհավատալ։
Նա չհերքեց այն, ինչը գրում է ադրբեջանական մամուլը ու բարբաջում նրանց նախագահը։
Նա չհերքեց, որ Ալիևին խնդրել է չկրակել, որ այստեղ «ներքին թշնամի» կալանավորի, նա չհերքեց, որ իր նախկին խորհրդականը գաղտնի ու առանձին բանակցել է ադրբեջանցիների հետ։
Նա սա անվանեց կոնֆիդենցիալ ինֆորմացիայի արտահոսք, որին ի պատասխան ինչպես բնորոշ է դեղին լրագրողին սպառնաց՝ թե բա ես էլ քո մասին ինֆորմացիա ունեմ, կհրապարակեմ։
Նախ՝ հրապարակի, թող իրենք էլ խառնվեն իրար, ինչպես մենք, բացի այդ, մեղքդ աննշան կթեթևացնես պատմության, հայ ժողովրդի ու դատարանի առաջ։ Կյանքումդ գոնե մի օգուտ տուր՝ թշնամուդ վնաս տուր!»։